Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժումը Թեհրանից ոչ մի հրաման կամ հրահանգ չի ստանում, CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Եմենի և տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդները, որոնք պաշտպանում են Պաղեստինի ժողովրդին, գործում են իրենց նախաձեռնությամբ և իրենց շահերից ելնելով։ Նրանք Իրանից ոչ մի հրաման կամ հրահանգ չեն ստանում»,- հայտարարել է նախարարը:
Նա ընդգծել է, որ Կարմիր ծովի անվտանգությունը կարևոր է Իրանի համար:
Հունվարի 12-ից ԱՄՆ-ի և Բրիտանիայի զինուժը հարվածներ էր հասցնում Եմենում հութիների օբյեկտներին։ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել ինքնաթիռներից, նավերից և USS Florida միջուկային սուզանավից, որոնք Կարմիր ծովի ջրեր էին մտել 2023 թվականի նոյեմբերի 23-ին։ 2023-ի նոյեմբերի կեսերին Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմականացված «Անսար Ալլա» շարժումը, ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների, սպառնացել էր Կարմիր ծովում հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը:
Հունվարի 14-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ արաբական աշխարհն ի պաշտպանություն Եմենի ցույցերի է պատրաստվում։ Հունվարի 16-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իրանցի զինվորականները երեքշաբթի ոչնչացրել են «Ջեյշ ալ-Ադլ» արմատական խմբավորման երկու բազա, որոնք տեղակայված են Պակիստանում։