Իրանի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Պակիստանի զինված ուժերի կողմից Իրանի տարածքում իրականացված հարվածները։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Պակիստանի անհամաչափ և անընդունելի գործողությունները»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նախարարության հայտարարությունը:
Հունվարի 16-ին հայտնի էր դարձել, որ իրանցի զինվորականները Պակիստանում հարձակվել են «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման երկու հենակետերի վրա։ Հենակետերը տեղակայված են եղել Իրանի հետ սահմանին գտնվող Պակիստանի Բելուջիստան նահանգի շրջաններից մեկում։
Այսօր՝ հունվարի 18-ին, Պակիստանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իսլամաբադը հայտարարել է, որ հրթիռակոծության թիրախը եղել են «հակապակիստանյան զինված խմբավորումները»։ Իրանի իշխանությունները հայտնել են, որ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում ավիահարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ:
Գործակալությունը, հղում անելով Reuters-ին, հայտնում է, որ պակիստանցի զինվորականների թիրախը եղել են Բելուջիստանի ազատագրման ճակատ խմբավորման հետ կապված ահաբեկիչները։ Հաղորդվել է նաև, որ Պակիստանի զինված ուժերը գտնվում են ծայրահեղ բարձր մարտական պատրաստվածության վիճակում։