Դամասկոսի վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում 4 իրանցի ռազմական խորհրդական է զոհվել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել են նաև սիրիացի զինվորներ, որոնց թիվը չի նշվում։
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ Al Hadath հեռուստաալիքին հղումով, Դամասկոսում իսրայելական օդուժի հարվածի արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Կուդս» հատուկ նշանակության ջոկատի հետախուզական ծառայության հրամանատար, գեներալ Յուսեֆ Օմիդ Զադեն։ Հրթիռային հարվածները հասցվել են Դամասկոսի արևմտյան Մեզզե թաղամասի առանձնատներից մեկին, որտեղ ապրում էին իրանցի ռազմական խորհրդականները։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 25-ին, Դամասկոսի հարավում իսրայելական օդուժի հարձակման արդյունքում սպանվել էր Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականների խմբի ղեկավար, գեներալ Ռազի Մուսավին։