Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի յութուբյան ալիքով։
«Նախագահ Ալիևի վերջին տարածքային պահանջները լուրջ մտահոգություններ են առաջացնում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է նա։
Ըստ Բորելի, ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնել են, որ Ադրբեջանը «պետք է վերադառնա Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններին»։ Բորելը նշել է, որ իրենք համերաշխություն են հայտնել նաև Ֆրանսիային՝ կապված Ադրբեջանից նրա դիվանագետների արտաքսման հետ։
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ հունվարին կկայանա երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվի միայն մեկ հարց՝ «Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը»։ Ալիևն անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին՝ նշելով, որ եթե միջանցքն ստեղծվի, ապա Ադրբեջանից մարդիկ և բեռները «պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Եթե իմ նշած երթուղին բաց չէ, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում»,- ասել էր նա։
Ադրբեջանի նախագահը նշել էր նաև, որ «ութ գյուղերի հարցը, որոնք այսօր գտնվում են հայկական օկուպացիայի տակ» մշտապես օրակարգում է և քննարկվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի հետ շփումների ժամանակ։ Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվի հայտարարությունները համարել էր լրջագույն հարված խաղաղության գործընթացին։