Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրինագիծը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ։
Նշվում է, որ Էրդողանի կողմից վավերացման փաստաթղթի ստորագրման պարագայում Հունգարիան մնում է ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որի խորհրդարանը չի վավերացրել Շվեդիայի անդամակցության դիմումը։
2023-ի դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի դիմումի հաստատումը կապում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Անկարային F-16 կործանիչներ վաճառելու մասին որոշման ընդունման հետ։ 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչ գնելու խնդրանքով, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ են երկրի ռազմաօդային ուժերում։