ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել երկրի Կոնգրեսին «առանց հապաղելու» հավանություն տալ Թուրքիային ամերիկյան արտադրության F-16 կործանիչների վաճառքին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նշվում է, որ այս մասին ասված է Բայդենի՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին ուղղված նամակում։ Բայդենը կոնգրեսականներին տեղեկացրել է իր մտադրության մասին՝ սկսել Թուրքիային F-16-ների վաճառքի մասին պաշտոնական ծանուցման գործընթացը, երբ Անկարան ավարտի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման գործընթացը։
Գործակալության տվյալներով՝ ավելի վաղ Սպիտակ տունը նամակ էր հղել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով նրանց հավանություն տալ Թուրքիային 20 միլիարդ դոլարի չափով F-16 ինքնաթիռների և Թուրքիայի ունեցած կործանիչների արդիականացման համար նախատեսված պահեստամասերի վաճառքին։ Իր հերթին՝ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ էր արել Անկարային պաշտոնապես ավարտել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացը։
Գործակալության տվյալներով՝ դրա համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անհրաժեշտ է ստորագրել երկրի խորհրդարանի կողմից ընդունված համապատասխան օրինագիծը, որն այնուհետև կհրապարակվի Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում։ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին փաստաթուղթը պետք է ուղարկվի նաև Վաշինգտոն։
Միևնույն ժամանակ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը կասկած է հայտնել Կոնգրեսի կողմից Թուրքիային կործանիչներ վաճառելու մոտալուտ հավանության առնչությամբ՝ գործակալությանն ասելով, որ օրենսդիրներին, առաջին հերթին, անհրաժեշտ են Բայդենի վարչակազմի և Թուրքիայի երաշխիքները։
«Ես դեռ հարցեր ունեմ Սիրիայում մեր քուրդ դաշնակիցների վրա Էրդողանի շարունակվող հարձակումների, Արևելյան Միջերկրական ծովում նրա ագրեսիվ գործողությունների և Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումներին աջակցելու գործում նրա ունեցած դերի վերաբերյալ»,- ասել է սենատորը։
Հունվարի 24-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Շվեդիայի դիմումի հաստատումը կապում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Անկարային F-16 կործանիչներ վաճառելու մասին որոշման ընդունման հետ։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ խնդրելով գնել ամերիկյան արտադրության 40 հատ F-16 կործանիչ, ինչպես նաև արդիականացնել այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռներ, որոնք արդեն ծառայության մեջ են երկրի ռազմաօդային ուժերում։