Կանադան կվերսկսի անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտահանումը Թուրքիա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ կողմերի միջև համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել հունվարի սկզբին՝ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո։
Օտտավան և Անկարան պայմանավորվել են, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Թուրքիան ավարտի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման գործընթացը։ Նաև համաձայնագրի համաձայն՝ Անկարան Օտտավային տեղեկատվություն կտրամադրի կանադական արտադրության սարքավորումների վերջնական օգտագործողների մասին, հատկապես՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներ դրա վերաարտահանման դեպքում։
Տեղեկության տրամադրման գործընթացը կներառի Wescam սենսորները, որոնք օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 հարձակողական անօդաչու թռչող սարքերում, ինչպես նաև երկակի նշանակության և զենքի հետ կապված այլ տեխնոլոգիաներ, գրում է գործակալությունը։
Հրատարակության աղբյուրը նշել է, որ գործարքը «բարելավում է կողմերի թափանցիկությունն ու շփումը»։
2021 թվականի ապրիլին Կանադայի իշխանությունները չեղյալ էին համարել կանադական զենքի և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման համար նախկինում տրված թույլտվությունները, քանի որ նրանք ստացել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց կիրառման ապացույցներ։
2024 թվականի հունվարին ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնաժումբը զեկուցել էր Կանադայի կողմից Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոյի հնարավոր վերացման մասին։ Նշվել է, որ այդ մասին որոշում կարող էր կայացվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի շրջանակներում։ Հ
ունվարի 26-ին Թուրքիան պաշտոնապես ավարտել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացը։ Երկու օր առաջ Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։