Երեք ամերիկացի զինծառայող է զոհվել և տասնյակը վիրավորվել՝ Հորդանանի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել է Իրանի կողմից աջակցվող խմբերին։ «Մինչ հետախուզական տվյալներ ենք հավաքում այս հարձակման մասին, գիտենք, որ այն իրականացվել է Սիրիայում և Իրաքում գործող Իրանի կողմից աջակցվող արմատական գրոհայինների կողմից»,- Բայդենի խոսքերը մեջբերում է գործակալությունը:
Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հարձակումից հետո առնվազն 34 ամերիկացի զինվորական է հարցաքննվել։ Նաև բազայից տարհանվել են վիրավոր ամերիկացի զինվորականները։
Նշվում է, որ ամերիկացի զինվորականները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող բազայում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Բազայի անունը չեն նշել։ Միաժամանակ, Հորդանանի կառավարության խոսնակն ավելի ուշ հայտնել է, որ զինյալները հարձակվել են Հորդանանի տարածքից դուրս գտնվող մեկ այլ բազայի վրա։
Գործակալությունը նշում է, որ հարձակումը «խոշոր էսկալացիա» է և առաջին դեպքն է, երբ ամերիկյան զորքերն սպանվում են Մերձավոր Արևելքում իրենց բազաների վրա հարձակումների հետևանքով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի սկսվելուց հետո: