Հորդանանի հաղորդակցությունների նախարար, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուհաննադ Ալ-Մուբեյդինը Սիրիայի հետ սահմանի առաջին գծում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով ամերիկացի 3 զինվոր է զոհվել, ահաբեկչություն է որակել, հայտնում է Petra գործակալությունը։
Նա ցավակցել է ԱՄՆ-ին զոհերի համար։ Նախարարը տեղեկացրել է, որ ահաբեկչության հետևանքով հորդանանցի զինվորականները չեն տուժել։
Հունվարի 28-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող բազայում՝ Սիրիայի սահմանի մոտ, ամերիկյան զորքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 զինծառայող էր զոհվել, 34-ը վիրավորվել էին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող խմբերին։