Իրանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի և Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի հարվածները «ռազմավարական սխալ» է անվանել։ «Գիշերային հարվածները Սիրիայի և Իրաքի վրա արկածախնդրություն են և ռազմավարական սխալ ամերիկյան ղեկավարության կողմից։ Միակ բանը, որին դա կհանգեցնի, տարածաշրջանում լարվածության և անկայունության սրացումն է»,- «Ինտերֆաքս»-ը մեջբերում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին:
Գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը հայտնում է, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերն ամերիկյան բանակը ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 օբյեկտների ուղղությամբ։ Նշվում է, որ «CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում՝ թիրախավորելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը, ինչպես նաև տվյալ ստորաբաժանման հետ կապված խմբերը»:
Ըստ ԱՄՆ-ի՝ զինվորականները «հարվածել են 85 թիրախների՝ օգտագործելով բազմաթիվ ինքնաթիռներ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք բարձրացել են ԱՄՆ տարածքից»։ Հարվածների ընթացքում օգտագործվել է 125 ճշգրիտ կառավարվող զինամթերք, խոցվել են հրամանատարական կառույցներ, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների պահեստներ, տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում են իրանամետ խմբավորումների կողմից:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ Al Hadath հեռուստաալիքին հղումով, Սիրիայի արևելյան Դեյր էզ-Զոր նահանգում ամերիկյան ռմբակոծությունների ժամանակ սպանվել է իրանամետ կազմավորումների 23 կողմնակից։
ԱՄՆ-ն Իրաքի և Սիրիայի տարածքին հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ հունվարի 28-ին Հորդանանի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայողներ էին սպանվել և տասնյակ մարդիկ էին վիրավորվել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող խմբերին։