Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտարարել է Հայաստանի ինքնիշխանությանն ու կայունությանն աջակցելու Փարիզի անվերապահ, լիարժեք և մշտական հանձնառության մասին։ Այս մասին նա նշել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ երեկ կայացած հանդիպմանը, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Սեժուրնեն հաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին:
«Արդար և տևական խաղաղություն կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգմամ միջոցով»,- ասվում է ուղերձում։ Գերատեսչության տվյալներով՝ Ֆրանսիան նաև շարունակում է ուժեղացնել իր մարդասիրական աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին։
Նշվում է, որ 2023 թվականին Փարիզի կողմից տրամադրված օգնությունը կազմել է 29 մլն եվրո և նախատեսված է աջակցել ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի և ՄԱԿ-ի կառույցների գործողություններին։ Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդումը, մասնավորապես՝ տրանսպորտի, էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտներում ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը։ Միրզոյանն ու Սեժուրնեն քննարկել են նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը։
Փետրվարի 9-ին ՀՀ-ի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Միրզոյանն ու Սեժուրնեն Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը։ Հայաստանի նախարարը շեշտել էր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային սկզբունքների հարգումը, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը: