ԱՄՆ Կոնգրեսը չի առարկել Թուրքիային ամերիկյան արտադրության F-16 կործանիչների վաճառքի գործարքին, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպը հունվարի 26-ին Կոնգրեսին պաշտոնական ծանուցում էր ուղարկել՝ Թուրքիային նոր 40 F-16 Block 70 կործանիչներ վաճառելու և Թուրքիայի սպառազինության մեջ արդեն գոյություն ունեցող 79 կործանիչների արդիականացման վերաբերյալ:
Նշվում է, որ Կոնգրեսը 15 օր ժամանակ է ունեցել գնահատելու և առարկելու Թուրքիային՝ F-16-ների վաճառքի մասին պաշտոնական ծանուցումից հետո: Պարբերականը գրում է, որ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին առարկություն է ներկայացրել միայն Կենտուկի նահանգի սենատոր Ռենդ Փոլը, սակայն հետագայում գործողություններ չեն ձեռնարկվել։ Արդյունքում՝ ծանուցման քննարկման ժամկետը լրացել է փետրվարի 10-ին։ Ըստ գործակալության, համաձայն ԱՄՆ-ի զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի՝ վաճառքի գործընթաց սկսելու համար խոչընդոտներ չկան։
ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ փետրվարի 4-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Անկարայի և Վաշինգտոնի միջև «նախնական պայմանավորվածության» մասին։ Ըստ ԶԼՄ-ի՝ նա նշել էր, որ F-16-ի հարցում քայլեր կարվեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի լուծումից հետո: Ֆիդանը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ, սովորաբար, ԱՄՆ վարչակազմը Կոնգրես չի ուղարկում նման նամակներ և հարցումներ, եթե նախապես դա համաձայնեցված չի եղել օրենսդիրների հետ:
Հունվարի 26-ին Թուրքիան պաշտոնապես ավարտել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատման գործընթացը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին երկրի Կոնգրեսին կոչ էր արել «առանց հապաղելու» հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին: 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել էր ԱՄՆ-ին՝ ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչներ գնելու, ինչպես նաև այդ տեսակի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով, որոնք արդեն երկրի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ են։