ՌԴ-ի Անապա քաղաքում 11 հարկանի բնակելի շենքի 1000 քմ մակերեսով ձեղնահարկ է այրվել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է TACC-ը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հրդեհի մասին ահազանգն ստացել են Մոսկվայի ժամանակով 17:44-ին: Հրդեհի հետևանքով տարհանվել է 440 մարդ, որոնցից 112-ը՝ երեխաներ են։ Վնասվել է առնվազն 32 բնակարան․ 20-ը՝ ձեղնահարկում, 12-ը՝ տասներորդ հարկում: Հրդեհի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։
Անապայի վարչակազմը հայտնել է, որ շենքի բնակիչների համար պատրաստվել են ժամանակավոր կացարաններ: Նրանց կտրամադրվի նաև տաք սնունդ։
Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչությունից պարզաբանել են, որ այրվող տան մոտակայքում կայանված մեքենաները տարհանվել են, իսկ երթևեկությունը տվյալ տարածքում սահմանափակվել է։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Armenia Today-ին հայտնեց, որ այս պահին իր ունեցած տեղեկատվության համաձայն, տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տվյալներ չկան: