Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն «անսասան» աջակցելու մասին։ Այս մասին նա ասել է Մյունխենում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները հերթական անգամ հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։
«Մեր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանն անսասան է, և դա չի փոխվի։ Մենք՝ որպես օկուպացիայից տուժած երկիր, հիանալի հասկանում ենք ձեր իրավիճակը և խաղաղություն ենք մաղթում ուկրաինացիներին և Ուկրաինային»,- Ալիևի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը՝ առևտրատնտեսական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում։ Զելենսկին նաև իր բարձր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության համար։