Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան երկրում պերսոնա նոն գրատա է հայտարարվել։ Նախօրեին Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կանչել է Բրազիլիայի դեսպանին՝ Գազայի հատվածում տեղի ունեցած մարտերը Հոլոքոստի հետ համեմատելու համար։
«Այսօր առավոտյան ես կանչեցի Իսրայելում Բրազիլիայի դեսպանին Յադ Վաշեմ (Հոլոքոստի զոհերի հիշատակին կառուցված պաշտոնական հուշարձան- խմբ․), այն վայրը, որն ամենամեծ վկայությունն է այն մասին, թե ինչ են արել նացիստներն ու Հիտլերը հրեաների, այդ թվում՝ իմ ընտանիքի անդամների հետ: Մենք չենք ների ու չենք մոռանա»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ Բրազիլիայի նախագահը կլինի պերսոնա նոն գրատա, քանի դեռ «ներողություն չի խնդրել և իր խոսքերից հրաժարվել»։ Նրա խոսքով՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների և Հիտլերի գործողությունների համեմատությունը լուրջ հակասեմական հարձակում է, որը պղծում է Հոլոքոստի զոհերի հիշատակը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։