«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ հարթակի ակտիվ օգտատերերի թիվն ամսական 900 միլիոն է, իսկ պոտենցիալ ներդրողները պլատֆորմը գնահատում են ավելի քան 30 միլիարդ դոլար: Այս մասին նա հայտնել է «Financial Times»-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ «Telegram»-ը դարձել է աշխարհի ամենահայտնի հաղորդակցման և բիզնես հավելվածներից մեկը: Պլատֆորմի հիմնադիրը հույս ունի, որ ընկերությունը հաջորդ տարի և գուցե նույնիսկ այս տարի կդառնա շահութաբեր: Այժմ մեսենջերը ֆինանսավորվում է հիմնականում գովազդային հարթակի և պրեմիում բաժանորդագրությունների միջոցով, որոնք ընկերությանը բերում են «հարյուր միլիոնավոր դոլարներ»։
Ընկերությունը դիտարկում է մոնետիզացիայի այլ մեթոդներ։ Մասնավորապես, ուսումնասիրվում է բիրժա դուրս գալու (IPO) տարբերակը։ Դուրովը բացառել է հարթակը վաճառելու տարբերակը:
«IPO»-ի դեպքում նրանք նախատեսում են լրացուցիչ ներդրումներ ներգրավել արհեստական բանականության գործառույթների վրա աշխատելու համար: FT աղբյուրները պնդում են, որ Telegram-ը կարող է «IPO» անցկացնել ԱՄՆ շուկայում։
«Հիմնական պատճառը, որ մենք սկսեցինք մոնետիզացնել, այն է, որ ցանկանում էինք անկախ մնալ, «Telegram»-ի յուրաքանչյուր օգտատեր մեսենջերին տարեկան արժենում է 0,7 դոլար»,- նշել է նա:
Դուրովի թիմում աշխատում է ընդամենը 50 մարդ։
Մարտի սկզբին Պավել Դուրովը հայտարարել էր արհեստական բանականության ինտեգրման ունակությամբ չաթ-բոտերի ստեղծման հարթակի թարմացման, ինչպես նաև խոսել «Telegram»-ում բիզնես հաշիվների գործարկման մասին։ Օգտագործողները կարող են ստեղծել բիզնես հաշիվներ, որոնք տրամադրում են գտնվելու վայրը և ժամերը, ավտոմատացված հաղորդագրությունները և պատասխանների ձևանմուշները:
Մարտի 5-ին Դուրովը հայտնել էր, որ «Instagram»-ի և «Facebook»-ի աշխատանքների խափանման ժամանակ միլիոնավոր մարդիկ գրանցվել և կիսվել են բովանդակությամբ «Telegram»-ում: