Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ և քննարկել բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, որը կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով, «Позірку»-ին հայտնել են բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան է ստանալու Հայաստանում։ Հանդիպմանը քննարկվել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցությունը»,- գրում է աղբյուրը։
Նշվում է, որ Տիխանովսկայան համերաշխության խոսքեր է հայտնել և նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ տարվա նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չգալու որոշման համար։
Մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում չորս տղամարդ է բերման ենթարկվել։ Նրանք մեղադրվում են զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեջ։ Ձերբակալվածներից մեկի անունը Յարոսլավ Նովիկովն է։ Current time-ի տեղեկություններով՝ Յարոսլավ Նովիկովը քաղաքական ապաստան էր խնդրել պաշտոնական Երևանից այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին Բելառուսի գլխավոր դատախազության պահանջով նրան ձերբակալել էին Հայաստանում։ Նովիկովը Բելառուսին արտահանձնվելու դեպքում կկանգնի դատարանի առաջ։