Ռուսական Baza տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ ձերբակալվել են Մոսկվայի ահաբեկչության հետ ենթադրաբար կապ ունեցող Տաջիկստանի քաղաքացիներ։
«Ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։ 6-ից 2-ը ձերբակալվել է, 4-ը դիմել է փախուստի։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են»,- գրում է աղբյուրը։
Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկատվությունը՝ ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին լուրերն անվանելով կեղծ։
«Տաջիկստանը ՌԴ-ից տեղեկատվություն չի ստացել տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։ Զոհերի թիվը գերազանցում է 60-ը և կարող է աճել, կա 146 վիրավոր, հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։