Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն Telegram-ի իր ալիքում։
«Համերգասրահում՝ ահաբեկչության վայրում, արտակարգ ծառայությունների կողմից փլատակները մաքրելիս հայտնաբերվել են զոհվածների մարմիններ: Այսպիսով՝ զոհերի թիվն այս պահին կազմում է 115 մարդ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նախնական տվյալներով՝ մարդիկ մահացել են հրազենային վնասվածքների և այրման արտադրանքից թունավորվելու հետևանքով։ Ահաբեկիչները հարձակման ժամանակ օգտագործել են ավտոմատ զենքեր։ Նրանք դյուրավառ հեղուկով հրկիզել են համերգասրահի տարածքը։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ տեղում աշխատում է 719 մասնագետ և 213 միավոր տեխնիկա: Նրա խոսքով՝ ամենից շատ տուժել է համերգասրահը. այն ամբողջովին այրվել է, իսկ այն, ինչ մնացել է առաստաղից, փլուզման վտանգի տակ է:
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել էր, որ Crocus City Hall-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։
Ռուսական Տելեգրամ ալիքները հաղորդել էին ահաբեկչության հետ կապ ունեցող տաջիկների ձերբակալության մասին, Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծ։