Ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալների ձերբակալման կադրերը։
Կադրերում ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ ժամանել է Թուրքիայից՝ մարտի 4-ին։ Նա նաև պատմել է, որ իր հետ կապ են հաստատել
Տելեգրամով և մարդկանց սպանության համար առաջարկել են կես միլիոն ռուբլի։ Գումարի մի մասը ահաբեկչությունից առաջ փոխանցել են քարտին։
112 տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ձերբակալված կասկածյալներն ունեն ՌԴ քաղաքացիություն։
Մարտի 22-ի երեկոյան անհայտ անձինք կրակ էին բացել «Crocus City Hall» համերգասրահում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կամուֆլյաժով մարդիկ ներխուժել էին համալիր և կրակ բացել ինքնաձիգներից։ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել էր, որ Crocus City Hall-ում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 11 մարդ։
Ռուսական Տելեգրամ ալիքները հաղորդել էին ահաբեկչության հետ կապ ունեցող տաջիկների ձերբակալության մասին, Տաջիկստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծ։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 115-ի։