«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր պաշտոնական ալիքի (Amaq) միջոցով հրապարակել է Crocus City Hall-ի վրա բոլոր չորս հարձակվողի լուսանկարները, հայտնում է The Khorasan Diary-ին:
Նշվում է, որ չորս տղամարդ զինված է եղել գնդացիրներով, ատրճանակով, դանակներով և բենզինային ռումբերով, և նախքան հարձակումն իրականացնելը՝ ուշադիր զննել է հարձակման վայրը: Ենթադրվում է, որ գրոհայինները ներխուժել են դահլիճ, նրանցից երեքն սկսել են կրակել ամբոխի վրա, իսկ չորրորդը կրակ է արձակել՝ օգտագործելով այդ նպատակով նախապես պատրաստված հրկիզվող ռումբերը:
ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են. «նրանք բոլորն օտարերկրյա քաղաքացիներ են»։
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահը մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր էր հայտարարել։