Մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների թիվը հասել է 152-ի, 110 մարդ ստացիոնար բուժում է ստանում։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 12 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
Մարտի 24-ը Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։
Մարտի 23-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել էր ահաբեկչության 115 զոհի մասին։ Ավելի ուշ ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր 11 մարդու, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն ներգրավված բոլոր չորս ահաբեկչի ձերբակալության մասին։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ ժամանել է Թուրքիայից։
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Մոսկվայի Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ճշտվում են տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թվում հայերի մասին տեղեկությունները։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն էր հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։