Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպությունը։ Ի՞նչ է հայտնի նրա աֆղանական թևի և ահաբեկչության հնարավոր մասնակցության մասին, գրում է РБК-ն և ներկայացնում իր ուսումնասիրությունը։
Ի՞նչ է հայտնի խմբի մասին
Մարտի 22-ի երեկոյան չորս զինված անձ ներխուժել էր Crocus City Hall համերգասրահ և կրակ բացել «Պիկնիկ» խմբի համերգի այցելուների վրա, իսկ հետո հրկիզել դահլիճը։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 130 մարդ։
Մարտի 23-ի առավոտյան անվտանգության ուժերը հայտարարել էին Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչության չորս հեղինակի ձերբակալության մասին։ Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության տվյալներով՝ ահաբեկիչները ծրագրել էին հատել Ուկրաինայի հետ սահմանը, նրանք «համապատասխան շփումներ» էին ունեցել ուկրաինական կողմի հետ։
RT-ի հրապարակած հարցաքննության կադրերում կասկածյալներից մեկը պնդել էր, որ հարձակման համար իրեն խոստացել էին 500 հազար ռուբլի, իսկ ահաբեկչությանը նա պատրաստվում էր Telegram-ում «քարոզչին» լսելով։ Պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ չորսն էլ Տաջիկստանի քաղաքացիներ են։ Ներքին գործերի նախարարությունը հերքել է նրանց հնարավոր ՌԴ քաղաքացիության մասին տեղեկությունը։ Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 11 մարդ, սակայն մյուս 7-ի ազգության վերաբերյալ տեղեկություն չի հաղորդվում։
Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր կից Amaq գործակալության հաղորդագրությունը։ Բացի այդ, ԻՊ-ն հրապարակել է չորս ենթադրյալ ահաբեկիչների լուսանկարը։ Amaq-ը նշել է, որ հարձակումը տեղի է ունեցել «Իսլամական պետության» և իսլամի դեմ պայքարող երկրների միջև մոլեգնող պատերազմի համատեքստում:
ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաները New York Times-ին և Reuters-ին հայտնել են, որ հարձակման հետևում կանգնած է եղել Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը (նաև հայտնի է որպես «Վիլայաթ Խորասան» կամ «Իսլամական պետություն» ԻԳԻԼ-X, որն արգելված է Ռուսաստանում):
Ժամանակակից Աֆղանստանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Օմար Նեսարը РБК-ին ասել է, որ Աֆղանստանում եղել են դեպքեր, երբ «Իսլամական պետությունն» ստանձնել է ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը, որոնք ամբողջությամբ չեն համընկնում իրենց նպատակների և խնդիրների հետ: «Սա տեղի է ունեցել, քանի որ կա որոշակի մեխանիզմ, որի համաձայն՝ այդ խումբն իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ Մյուս դերակատարներն օգտագործում են այդ մեխանիզմը»,- նշել է նա։
Ի՞նչ է խմբավորումը
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանում արգելված ԻԳԻԼ-X-ը հայտնվել է Աֆղանստանում 2014-ի վերջին կամ 2015-ին։ Խորասանն այն շրջանների պատմական անվանումն է, որն ընդգրկում է ժամանակակից Իրանի, Աֆղանստանի և Թուրքմենստանի մասերը: Իր հիմնադրումից ի վեր՝ Ռուսաստանում արգելված ահաբեկչական «Վիլայաթ Խորասանը» հանդես է գալիս թալիբների դեմ (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն): Ավելին՝ ի տարբերություն թալիբների, ԻԳԻԼ-X-ի անդամները դավանում են սալաֆիզմ՝ իսլամի պահպանողական շարժում:
Ըստ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովի՝ սկզբում «Վիլայաթ Խորասանը» բաղկացած էր հիմնականում պուշթուններից, սակայն, աստիճանաբար, ավելի շատ էթնիկ տաջիկներ և ուզբեկներ են մտել խմբի շարքերը: 2021 թվականին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր «Վիլայաթ Խորասանը» նաև լայնածավալ քարոզչական արշավ է սկսել Հարավային և Կենտրոնական Ասիայում՝ լսարան գրավելու համար, նշում են խմբի հետազոտողներ Ամիրա Ջադունը և Նակիսա Ջահանբանին The Conversation-ի հոդվածում:
Օմար Նեսարն ընդգծել է, որ թեև Կենտրոնական Ասիայի երկրներում ահաբեկչական խմբավորման բազաների առկայության մասին տվյալներ չկան, սակայն նրա անունից ահաբեկչությունների մեծ մասն իրականացվում է այս տարածաշրջանի մարդկանց կողմից։
2023 թվականին Ռուսաստանում արգելված «Վիլայաթ Խորասանի» գործունեությունն Աֆղանստանում նվազել է, սակայն խմբավորման հետ կապված ահաբեկչություններ են իրականացվել հարևան Իրանում, Պակիստանում և այլ երկրներում։ Օրինակ՝ արգելված ԻԳԻԼ-X կազմակերպությունն ստանձնել էր հունվարի 3-ին իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին նվիրված արարողության մոտ 100 մասնակից: Հարձակման մեջ մեղադրվել էր Տաջիկստանի երկու քաղաքացի։
Ինչպես նշում է Reuters-ը, կազմակերպությունն իր հիմնադրման օրվանից առանձնահատուկ դաժանություն է ցուցաբերել։ Այսպես, 2021 թվականի օգոստոսին ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ խմբավորման զինյալները ահաբեկչություն էին իրականացրել Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ, որտեղ երկիրը լքել ցանկացող մեծ թվով մարդիկ էին կուտակվել։ Հարձակման հետևանքով զոհվել էր ամերիկացի 13 զինվորական և մոտ 170 խաղաղ բնակիչ:
Ի՞նչ կապ ունի աֆղանական խումբը Ռուսաստանի հետ
Մարտի 7-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել էր անգլերեն նախազգուշացում՝ «ծայրահեղական հարձակման» վտանգի մասին՝ «մարդկանց մեծ կուտակումները, այդ թվում՝ համերգներն» անվանելով հարձակման հավանական թիրախ։ Նույն օրն Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը զեկուցել էր Կենտրոնական Ասիայի բնիկներից երկուսին ձերբակալելու և հետագայում վնասազերծելու փորձի մասին, որոնք Ռուսաստանում արգելված ահաբեկչական «Աֆղանստանում Իսլամական պետության» (Վիլայաթ Խորասան) անդամներ էին: Հետախուզության տվյալներով՝ նրանք ծրագրել էին հարձակվել Մոսկվայի սինագոգներից մեկի վրա։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատնից РБК-ին հայտնել էին, որ ամերիկյան կառավարությունը հատուկ ալիքներով տեղեկություններով կիսվել էր Մոսկվայի հետ, որը դրդել էր նրանց նախազգուշացնել Պետդեպարտամենտի և Մոսկվայում դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներին:
Ամերիկացի պաշտոնյան NYT-ին գաղտնիության պահպանման պայմանով ասել էր, որ «Իսլամական պետության» անդամներն «ակտիվ են եղել Ռուսաստանում»: ԱՄՆ կառավարության հակաահաբեկչության պաշտոնյաները նաև լրագրողներին էին ասել, որ հարաբերական հանգստությունից հետո արգելված Իսլամական պետությունը փորձում է սաստկացնել հարձակումներն այլ երկրներում, սակայն Եվրոպայում հարձակումների մեծ մասը խափանվել է:
Կիրիլ Սեմյովը նշել էր, որ ԻԳԻԼ-X-ի առաջին խոշոր գործողություններից մեկը 2022 թվականի սեպտեմբերին Քաբուլում Ռուսաստանի հյուպատոսության վրա հարձակումն էր։ Պայթյունի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության երկու աշխատակից։ Օմար Նեսարն, իր հերթին, տեղեկացրել էր, որ խմբավորումը գործում է «որտեղ նրանք կարող են, հարձակվում են» սկզբունքով։