Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է Interfax-ը։
Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ մինչ այժմ պարզվել է մահացածներից 75-ի ինքնությունը։ Մահացածների թվում երեք երեխա կա։ Բաստրիկինը հայտնել է, որ 40 մարդ մահացել է հրազենային վնասվածքներից, իսկ երկու հոգի՝ հրազենային և դանակահարության համակցված վնասվածքներից։ Հրդեհի հետևանքով 45 մարդ մահացել է բարձր ջերմաստիճանի և այրման արտադրանքի ազդեցությունից։ 182 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմն ունի տվյալներ, որ ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները, Ռուսաստանին հետաքրքրում է, թե ով է դրա պատվիրատուն:
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության 11 կասկածյալի, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մարտի 24-ին հայտարարել էր, որ ահաբեկչությունը Ռուսաստանում տեղի է ունեցել «Իսլամական պետության» և իսլամի դեմ պայքարող երկրների միջև «մոլեգնող պատերազմի» համատեքստում: Ավելի ուշ «Իսլամական պետություն»-ը հրապարակել էր Crocus City Hall-ի վրա հարձակվածների լուսանկարները:
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության 68 զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։
Armenia Today-ը գրել էր այն մասին, թե ովքե՞ր են Ռուսաստանում արգելված «Վիլայաթ Խորասան»-ի (Աֆղանստանում Իսլամական պետության մասնաճյուղը-խմբ) ահաբեկիչները: