ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը բեռնատար նավի բախման հետևանքով փլուզվել է, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությանը։
2,7 կիլոմետր երկարությամբ կամրջի վրա, որը Բալթիմորի նավահանգիստը կապում է մայրուղուն, փլուզման պահին երթևեկություն է ընթացել։ Փրկարարական խումբը փորձում է ջրից դուրս բերել մոտ 20 մարդու, ովքեր, ամենայն հավանականության, գետն են ընկել։
«Ցավոք, մենք հասկանում ենք, որ Պատապսկո գետում կարող է լինել մինչև 20 մարդ, ինչպես նաև մի քանի մեքենա»,- լրատվականին ասել են հրշեջները:
Ջրասուզակների խումբը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում, սակայն եղանակային պայմանները ծայրահեղ անբարենպաստ են, բացի այդ նոր փլուզումների ռիսկ կա։