Ռուսաստանի Դաշնությունում Crocus City Hall համերգասրահի ահաբեկչության հեղինակ են համարել Ուկրաինային և հայտարարել են 8-րդ մեղադրյալին կալանավորելու մասին, հայտնում է «Ռիա Նովոստին»։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նշել է, որ Մոսկվայի մերձակայքում Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան։ Պատրուշևն այսպես է արձագանքել լրագրողի հարցին՝ ահաբեկչության հետևում Ուկրաինա՞ն, թե՞ «Իսլամական պետությունն» է կանգնած։
«Իհարկե Ուկրաինան է կանգնած ահաբեկչության հետևում»,- հայտարարել է Պատրուշևը։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով այս պահի դրությամբ 139 մարդ է զոհվել։ Ռուսական ԶԼՄ-ները մարտի 26-ին հայտնել էին, որ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին՝ ազգությամբ ղրղզ Ալիշեր Կասիմովին։ Դատարանը մարտի 25-ին կալանավորել էր ևս 3 մեղադրյալի՝ Դիլովար Իսլոմովին, Ամինչոնա Իսլոմովին և Իսրոիլ Իսլոմովին։ Ավելի վաղ դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով չորս մեղադրյալի։ Մարտի 23-ին իրավապահները ձերբակալել էին ահաբեկչության մեջ կասկածվող 11 անձի, ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել, նա չէր նշել մահացածի անունը։ ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։