Եվրոպացի նախկին և ներկա մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ զեկույց են հրապարակել՝ Եվրամիությանը կոչ անելով Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկել:
«ԵՄ-ն պետք է ճանաչի Հայաստանի ռազմավարական տեղաշարժը դեպի արևմուտք և ԵՄ անդամակցության հեռանկար առաջարկի։ Նման առաջարկը պետք է ամրապնդվի իրական նվիրվածությամբ և շոշափելի աջակցությամբ, ինչին նախորդում է հարաբերությունների խորացման աստիճանական գործընթացը»,- ասված է զեկույցում։
Քաղաքական գործիչները Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման երեք փուլ են առաջարկել։ Ըստ նրանց՝ նախ անհրաժեշտ է թարմացնել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) և այնտեղ ներառել ազատ առևտրի կետեր այնպիսի ոլորտներում, ինչպիսին ՏՏ (IT)-ն է։
Նրանք կարծում են, որ երբ Հայաստանը հասնի կայունության «համարժեք մակարդակի», կկարողանա մտնել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի (DCFTA)։ Այդ համատեքստում նրանք նշել են, որ «Երևանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից»: Երրորդ փուլում, ըստ զեկույցի, լինելու են ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ, լիիրավ անդամակցություն ստանալու գործընթաց։
Զեկույցն ստորագրել են Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Եվրախորհրդարանի անդամ և Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վլոդզիմեժ Ցիմոշևիչը, ԵՄ ընդլայնման հարցերով նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Չարլզ Ֆլենեգանը, Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Ռայմունդաս Լոպատան, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դիտմար Նիետանը և Ֆրանսիայի օրենսդիր ժողովի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը:
Նրանք հայտարարել են, որ պետք է լուրջ վերաբերվել ադրբեջանական ագրեսիայի վերսկսման վտանգին։
«ԵՄ-ն պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի Հայաստանի հետ համագործակցությանը հատկապես անվտանգության ոլորտում։ Դա պետք է իրականացվի ինչպես ոչ մահացու, այնպես էլ մահացու սարքավորումների և զինամթերքի մատակարարման տեսքով՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի հովանու ներքո՝ երկկողմ ռազմական օգնության ավելացման շրջանակում»,- եզրափակել են քաղաքական գործիչները:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին թուրքական հեռուստաալիքին հայտնել էր, որ «Հայաստանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը և Հայաստանի ժողովուրդն իսկապես եվրոպական ձգտումներ ունի»։ Փետրվարի 29-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու և հարաբերությունները դաշինքի հետ հնարավորինս խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։