Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջիկա հանդիպումն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված «հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը»:
«Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ հայկական կողմն ակնկալում է բովանդակային քննարկումներ ունենալ առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։
«Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են»,- հավելել է Բադալյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով հանդիպման պլանները, կոչ էր արել ԵՄ-ին և ԱՄՆ-ին զերծ մնալ քայլերից, որոնք «կարող են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Գերատեսչությունում նշել են, որ Վաշինգտոնը և Բրյուսելը «կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ Բաքուն նաև մտահոգություն էր հայտնել, որ հանդիպումը «ներառում է Երևանին ռազմական աջակցության հարցը»։