Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի կառավարության Արտաքին գործերի և գաղթականության հարցերով պետնախարար, հայտնել է wafa.ps լրատվականը։
Պաղեստինի նոր վարչապետ և, միաժամանակ, ԱԳ նախարար է նշանակվել Մոհամադ Մուստաֆան։ Ըստ աղբյուրի՝ նորաստեղծ կառավարության քաղաքական կողմնորոշումը հիմնված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության, նրա միջազգային պարտավորությունների և նախագահ Մահմուդ Աբասի կողմից կառավարությանը ուղղված նշանակման նամակի վրա:
Ըստ աղբյուրի՝ կառավարության ծրագիրը առաջնահերթություն է տալիս հումանիտար խնդիրներին` ներառյալ Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդին մարդասիրական և անհապաղ օգնության համապարփակ ծրագրին:
«Կառավարության գործողությունների ծրագիրը ներառում է նաև օրենքի գերակայության, ֆինանսական հատվածի ամբողջականության բարձրացմանը վերաբերող բաժին, ներառյալ դատական իշխանության հզորացումը, անվտանգության ամրապնդումը և հանրային ազատությունների ապահովումը»,- հայտնում է լրատվականը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով երկու կողմերն էլ զոհեր և վիրավորներ ունեն։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։