Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ԱԻՆ Մոսկվայի շրջանային վարչության մամուլի ծառայությանը։
«2024 թվականի մարտի 30-ի ժամը 06:00-ի դրությամբ՝ ահաբեկչության հետևանքով տուժել է 695 մարդ (այդ թվում՝ 15 երեխա), որից 144-ը մահացել է (այդ թվում՝ 5 երեխա)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մեծամասնությունն ուղեգրվել է ամբուլատոր բուժման։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, զոհերի թիվը հասել է 144-ի։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Ահաբեկչության հետևանքով երկու հայ է մահացել: ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Crocus-ի ահաբեկչությունից հետո մարտի 29-ին հիվանդանոցում մահացել էր նաև մարդկանց փրկելու շտապած հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը: Նա մարդկանց դուրս էր հանել ծխի միջից, տարել բժիշկների մոտ և նորից վերադարձել դեպքի վայր։ Նրան «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացրել էին, բայց վիճակը հաջորդ օրերի ընթացքում վատթարացել էր, և կյանքը փրկել չէր հաջողվել: