Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ սահմանի երկայնքով ագրեսիվ հռետորաբանությունից ու ռազմական գործողություններից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով` ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է, զորքերի կամ հրետանու արտառոց տեղաշարժեր չկան՝ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին։
«Մենք կոչ ենք արել և կշարունակենք կոչ անել զերծ մնալ սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից: Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելուն, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները», – ասել է Միլլերը:
Նա ընդգծել է, որ կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։ Ըստ Պետդեպարտամենտի խոսնակի՝ Միացյալ Նահանգները կշարունակի «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին հասկացնել, որ էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից»:
Միլլերը մեկնաբանել է նաև ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը։
«Այս հանդիպումը նվիրված է Հայաստանում բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և կայունությանը: Խաղաղ գործընթացն այս հանդիպման նպատակը չէ։ Սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը, ինչպես նաև քաղաքական բարեփոխումները Հայաստանում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», – ասել է նա:
Վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու երկրների սահմանին հայկական զինված ուժերի կուտակումների մասին ապատեղեկատվություն է տարածում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին և ապրիլի 1-ին հերքել էր այս հայտարարությունները։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ևս երկու անգամ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չկա: