Իսրայելի ոստիկանությունն առանց թույլտվության և առանց դատարանի որոշման ներխուժել է Կովերի պարտեզ ու հեռացրել օրինական փակցված պահակակետերը, որոնք այնտեղ են եղել ավելի քան երկու ամիս, դեպքի վայրից հայտարարել է թաղամասը փրկելու շարժման համահիմնադիր Սեդրագ Բալյանը։
Նրա խոսքով՝ անգամ ոստիկանապետն է խոստովանել, որ իրենք իրավունք չունեն որևէ փոփոխություն կատարել տարածքում, ավտոկայանատեղիում, քանի որ այս պահին երկու դատական գործ է քննվում։
«Անվտանգության աշխատակիցները, ովքեր ապամոնտաժում են տարածքը, ոչ մի թույլտվություն չունեն և այստեղ են եկել այս կողմնակալ ոստիկանների օգնությամբ, ովքեր խնդրի հենց սկզբից ապօրինի են գործում հայ համայնքի դեմ»,- ասել է Բալյանը։
Ըստ ակտիվիստների՝ սա առաջին դեպքը չէ, երբ իսրայելական ոստիկանությունն ընտրում է պատմության սխալ կողմը։
«Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 15-ին երեկոյան ոստիկանությունը Սանայի ներկայացուցիչների հետ ժամանել էր այստեղ՝ փորձելով մուտք գործել տարածք և ապօրինաբար խլել հողը հայ համայնքի ձեռքից։ Կարևոր է նշել, որ ավելի քան վեց ամիս է, ինչ հայ համայնքը 24/7 ռեժիմով պաշտպանում է տարածքը։ Վեց ամիս մենք սպառնալիքի տակ ենք, վեց ամիս վերաբնակիչները հարձակվում են, ավազակները հարձակվում են, իսրայելական ոստիկանությունը գալիս է և փորձում մեզ հաղթել»,- ասել են նրանք՝ կոչ անելով աշխարհի բոլոր հայկական համայնքներին ճնշում գործադրել սեփական կառավարությունների վրա, որպեսզի նրանք էլ ճնշում գործադրեն Իսրայելի կառավարության վրա:
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։