Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է մանդատ տրամադրել քրդամետ «Dem Parti» կուսակցության ներկայացուցիչ Աբդուլլահ Զեյդանին, ով հաղթել է մարտի 31-ին Վան քաղաքի քաղաքապետի ընտրություններում, հայտնել է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ ընտրություններից հետո նա զրկվել է քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու իրավունքից, արդյունքում՝ քաղաքապետի պաշտոնն անցնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուին։ Վանի քաղաքապետի պաշտոնում քրդամետ կուսակցության թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչելու որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել։
Գործակալությունը հայտնում է, որ թուրքական ոստիկանությունը երկրի արևելյան և հարավարևելյան մի քանի նահանգներում ձերբակալել է 89 մարդու՝ քաղաքապետի ընտրություններից հետո չհամակարգված բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Ցույցեր և բախումներ ոստիկանության հետ տեղի են ունեցել արևելյան Վան, Հաքքարի, Սիիրթ, Բաթման, Շըրնակ նահանգներում, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող Իզմիրում։ Տեղական ընտրական հանձնաժողովը Շանլըուրֆա նահանգում նույնպես չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության առարկություններից հետո, հայտնում է Reuters-ը:
«Dem Parti»-ի ներկայացուցիչն ընտրություններում հաղթել է 33,2%-ով՝ իշխող կուսակցության ստացած 30,72%-ի դիմաց։ Բացի այդ, քրդամետ կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանն ասել է, որ 6541 «անօրինական ընտրողներ» են օգտագործվել Շըրնաք նահանգում ընտրություններում կուսակցության հաղթանակը կանխելու համար։
Նա տեղեկացրել է, որ «Dem Parti»-ին արևելյան Բիթլիս և Կարս նահանգներում վիճարկել է ընտրությունների արդյունքները, որտեղ քրդամետ կուսակցությունը հայտնվել է երկրորդ տեղում։ Թուրքիայում մարտի 31-ին տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ իր կուսակցությունը պարտվել է ընտրություններում։