Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն «անօրինական» է անվանել Իսրայելի ոստիկանության այսօրվա գործողությունները Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգի» տարածքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել էին իսրայելական Xana Capital ընկերության հավակնած Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգի» տարածք։
Պատրիարքարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ ոստիկանությունն այգու տարածքում «ապօրինի տեղահանում» է նախաձեռնել, որն սկսվել է Հայոց պատրիարքարանի ունեցվածքի ոչնչացմամբ և հոգևորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակումներով։ Ընդգծվում է, որ մի խումբ ոստիկաններ, ի պատասխան հայկական կողմի պահանջի, չեն ներկայացրել գույք ոչնչացնելու, քահանաներին ու հայերին ֆիզիկապես հեռացնելու մասին փասատթուղթ։
Միևնույն ժամանակ, ոստիկանությունը շարունակել է պաշտպանել Xana-ի ներկայացուցիչներին և աջակցել է նրանց հայերի ունեցվածքը ոչնչացնելու հարցում՝ նշելով, որ իրենք այնտեղ են՝ պաշտպանելու ընկերության աշխատողների իրավունքները։ Պատրիարքարանը նշել է, որ ակնկալում է պատշաճ ընթացակարգ և պատասխանատվության կրում Իսրայելի ոստիկանությանն ու կառավարությանն այսօրվա իրադարձություններում իրենց ունեցած դերի համար:
«Ակնհայտ է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձ են։ Մենք կշարունակենք պնդել մեր դիրքորոշումը և կխնդրենք ողջ աշխարհի քրիստոնյաներին ուշադրություն դարձնել խաղաղ հայ քրիստոնյա համայնքի դեմ շարունակվող այս հարձակումներին», – ասված է պատրիարքարանի հայտարարության մեջ:
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։