ԱԴԾ-ն Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում Crocus City Hall-ի ահաբեկչության գործով երեք նոր մեղադրյալ է ձերբակալել՝ մեկ ռուս և երկու օտարերկրացի, հայտնել է РБК-ն։
Ըստ լրատվականի՝ նրանք Կենտրոնական Ասիայից ներգաղթյալներ են։
«Ահաբեկչության գործով ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկիչների համար զենք և տրանսպորտային միջոցներ գնելու համար, երրորդը հավաքագրել է հանցակիցների և ֆինանսավորել հարձակման մասնակիցներին»,- հայտնել է կայքը։
Մարտի 22-ի երեկոյան Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով, այս պահի դրությամբ, զոհերի թիվը հասել է 144-ի։ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել էր ահաբեկչության գործով 8 մեղադրյալի։ Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Ահաբեկչության հետևանքով երկու հայ է մահացել: ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Crocus-ի ահաբեկչությունից հետո մարտի 29-ին հիվանդանոցում մահացել էր նաև մարդկանց փրկելու շտապած հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը: Նա մարդկանց դուրս էր հանել ծխի միջից, տարել բժիշկների մոտ և նորից վերադարձել դեպքի վայր։ Նրան «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացրել էին, բայց վիճակը հաջորդ օրերի ընթացքում վատթարացել էր, և կյանքը փրկել չէր հաջողվել: