Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ապրիլի 3-ին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը նաև կոչ է արել Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն։
Ապրիլի 3-ին հայտնի էր դարձել, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն Իսրայելի ոստիկանության գործողություններն անվանել էր «անօրինական» և Իսրայելի կառավարությունից պահանջել պատասխանատվության ենթարկել տեղի ունեցած իրադարձություններին մասնակից ոստիկաններին:
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։
Փետրվարի 18-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու Հայոց պատրիարքարանի և իսրայելական «Xana Capital» ընկերության միջև Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգի» հողամասի վարձակալության պայմանագիրը: