Մերձմոսկովյան շրջանում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչության մեջ մեղադրվողները հայտնել են իրենց համակարգողի անունը, հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը, որի եթերում մեղադրյալների գործով դատական նիստից հատված է ցուցադրվել։
Ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննության ժամանակ հայտնել են, որ համակարգողի անունը Սայֆուլո է։
«Սայֆուլոն մեզ տեղեկացրել է, որ պետք է մեկնենք Ուկրաինա՝ Կիև և այնտեղ մեզ միլիոն ռուբլի կտան»,- ասել է մեղադրյալներից մեկը։
Մարտի 22-ի Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 145 մարդ էր զոհվել։ Գործով կալանավորվել է 11 անձ, այդ թվում՝ Տաջիկստանի 4 քաղաքացի, որոնք, հետաքննության տվյալներով, ահաբեկչության անմիջական իրականացնողներն են եղել: Ավելի վաղ ձերբակալվածներից մեկը խոստովանել էր, որ մարտի 4-ին ժամանել էր Թուրքիայից։
Ահաբեկչության հետևանքով երկու հայ է մահացել: ՌԴ ԱԻՆ ցուցակում ահաբեկչության զոհերի թվում էր Լիլիթ Խալիտի Իսրայելյանը։ Crocus-ի ահաբեկչությունից հետո՝ մարտի 29-ին, հիվանդանոցում մահացել էր նաև մարդկանց փրկելու շտապած հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը: Նա մարդկանց դուրս էր հանել ծխի միջից, տարել բժիշկների մոտ և նորից վերադարձել դեպքի վայր։