Տեխնիկական ծառայության աշխատակցին հեռացրել են Մյունխենի Pinakothek Moderne թանգարանից, քանի որ նա պատկերասրահում գաղտնի կախել է իր սեփական նկարը, հայտնում է The Guardian-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին։ Տղամարդն իր աշխատանքը տարել է ցուցահանդես՝ «գեղարվեստական առաջխաղացման ակնկալիքով» և կախել սրահներից մեկում՝ Էնդի Ուորհոլի գլուխգործոցների կողքին: Լինելով թանգարանի աշխատակից՝ տղամարդը ոչ աշխատանքային ժամերին կարողացել է մտնել պատկերասրահի տարածք և չի գրավել անվտանգության աշխատակիցների ուշադրությունը։
«Աշխատակիցն իրեն նկարիչ է համարում և, ամենայն հավանականությամբ, աշխատել է պատկերասրահում՝ իր իսկական կոչումն իրականացնելու նպատակով»,- The Guardian-ին ասել է Pinakothek-ի ներկայացուցիչը:
Նկարը ցուցադրվել է մոտ ութ ժամ։ Թանգարանի աշխատակիցները հաջորդ առավոտյան նկատել են նոր «արվեստի գործը», սակայն որոշել են այն հեռացնել միայն փակվելուց հետո։
Pinakothek-ը հրաժարվել է մեկնաբանել նկարի գեղարվեստական ոճը՝ մտավախություն ունենալով, որ միջադեպը կարող է վարակիչ դառնալ։ Միևնույն ժամանակ՝ թանգարանի ներկայացուցիչները «ոչ մի դրական արձագանք չեն ստացել պատկերասրահի այցելուներից»։
Բացի աշխատանքից ազատվելուց, տղամարդուն ընդմիշտ արգելել են այցելել տվյալ թանգարանը։ Բացի այդ, թանգարանի նախկին աշխատակցի գործը հետաքննում է տեղի ոստիկանությունը։ Նա կարող է պատասխանատվության ենթարկվել գույքին դիտավորությամբ վնասելու և պատկերասրահին նյութական վնաս պատճառելու համար․ իր նկարը կախելիս նա երկու անցք է բացել Pinakothek-ի պատերից մեկի վրա։