Իսրայելի զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստականության մեջ՝ Իրանի հետ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին, փոխանցում է Interfax-ը։
Իսրայելն ապրիլի 1-ին ավիահարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը։ Թեհրանը հայտնել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
«Մենք զգոն ենք, լրջորեն պատրաստված ենք տարբեր իրավիճակների և մշտապես գնահատում ենք իրավիճակը»,- Իսրայելի ռազմական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Միաժամանակ՝ Հագարին ասել է, որ Իսրայելի թիկունքի հրամանատարության հրահանգներում փոփոխություններ չկան։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Էրիկ Կուրիլան ժամանել է Իսրայել՝ տարածաշրջանային մարտահրավերների շուրջ Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևիի հետ բանակցելու նպատակով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 11-ին հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է պատերազմը Գազայի հատվածում, սակայն պատրաստվում է անվտանգությունն ապահովել այլուր։
«Ով մեզ վնասի, մենք էլ նրանց կվնասենք: Մենք պատրաստ ենք բավարարել Իսրայել պետության անվտանգության բոլոր կարիքները՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական»,- ասել է նա ռազմաօդային ուժերի բազա այցելելուց հետո։
Գործակալությունը նշում է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 10-ին հայտարարել էր, որ Իսրայելը «պետք է պատժվի, և դա տեղի կունենա»։ Խամենեիի խոսքով՝ Սիրիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը հավասարազոր է Իրանի տարածքի վրա հարձակման։
Իր հերթին՝ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ հնարավոր կլիներ խուսափել Իսրայելի գործողությունների պատասխանից, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկեր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 10-ին հայտարարել էր, որ Իրանն սպառնում է «լուրջ հարձակում» իրականացնել Իսրայելի վրա։ Նախագահի խոսքով՝ Իսրայելի վարչապետին հայտնել է «Իրանի և նրա վստահված անձանց այս սպառնալիքներից Իսրայելի անվտանգությունն ապահովելու հարցում» ԱՄՆ հանձնառությունը:
Reuters-ը նշում է, որ ապրիլի 10-ի ուշ երեկոյան իրանական լրատվական գործակալություններից մեկը X սոցիալական ցանցում արաբերեն հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է, որ Թեհրանի օդային տարածքը փակ է զորավարժությունների համար։ Այնուհետև հրատարակությունը ջնջել էր այս հաղորդագրությունը և հերքել դրա հրապարակումը։
Այս ամենի ֆոնին Lufthansa-ն որոշել է մինչև ապրիլի 13-ը դադարեցնել թռիչքները դեպի Թեհրան։