ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իրանին նախազգուշացրել է հակահարված չտալ Իսրայելին, հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
«Մի արեք դա»,- ասել է Բայդենը: Նա նաև վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Իսրայելի պաշտպանությանը։ «Մենք կաջակցենք Իսրայելին և կօգնենք նրան պաշտպանվել, իսկ Իրանը հաջողություն չի ունենա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակման պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով CNN-ին։ Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվում Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորամիավորումները քողարկող հակաօդային պաշտպանության ուժեղացմանը։
«Այդ քայլն ուղղված է տարածաշրջանում զսպող ուժերի ուժեղացմանը և ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների պաշտպանությանը»,- մեջբերում է գործակալությունը հեռուստաընկերության աղբյուրին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, Թեհրանը Վաշինգտոնին հայտնել էր, որ կպատասխանի Իրանի դեսպանատան վրա Իսրայելի օդային հարվածին այնպես, որ խուսափի լուրջ էսկալացիայից և հապճեպ չգործի։ Նշվում է, որ Իրանի ուղերձը Վաշինգտոնին փոխանցել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Օման կատարած այցի ժամանակ։
Աղբյուրների համաձայն՝ Աբդոլլահիանն ազդարարել է դեէսկալացիայի համար Թեհրանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով Իրանի պահանջները, ներառյալ Գազայի հատվածում մշտական հրադադարը: Իրանը նաև ձգտում է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ասել են աղբյուրները:
Գործակալության տվյալներով՝ Թեհրանը նաև երաշխիքներ է ուզում ստանալ, որ ԱՄՆ-ն չի միջամտի Իրանի կողմից Իսրայելի վրա «վերահսկվող հարձակման» դեպքում։ Վաշինգտոնն Օմանի միջոցով փոխանցված պատասխանում մերժել է պահանջը, հայտնում են աղբյուրները։
Ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները բարձր պատրաստվածության են բերվել Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով։ Ապրիլի 1-ին Իսրայելը ավիահարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Թեհրանը հայտնել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: