Իրանն ապրիլի 14-ի գիշերն ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ իր տարածքով իրանական անօդաչու թռչող սարքեր են արձակվել:
IRNA-ն տեղեկացրել է, որ Թեհրանի հարձակումները ձեռնարկվել են ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան տարածքում իսրայելական ավիահարվածից հետո, որի արդյունքում զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի սպաներ։
«Ի պատասխան սիոնիստական ռեժիմի տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժնի վրա հարձակման և Սիրիայում մեր երկրի մի շարք հրամանատարների ու ռազմական խորհրդականների մահվան, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) օդատիեզերական զորքերի ուժերը գնդակոծել են որոշակի թիրախներ գրավյալ տարածքների ներսում՝ արձակելով տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- հայտարարել են ԻՀՊԿ-ում։
Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն հայտարարել է Իրանի հարձակումը հետ մղելու և իրանական անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ավելի քան 99%-ը խոցելու մասին։ Նա նշել է, որ այժմ քննարկում են հետագա գործողությունները:
ABC News-ը, հղում անելով ամերիկյան աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնի գնահատականներով՝ Իսրայելի ուղղությամբ 400-500 ԱԹՍ և հրթիռ կարձակվի:
Ապրիլի 11-ին հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորականները բարձր պատրաստվածության են բերվել Իրանի հետ կապված իրավիճակի պատճառով։ Ապրիլի 1-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Թեհրանը հայտնել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: