Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ գործողությունը, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակելու մասին:
«Գործողությունը, մեր տեսանկյունից, ավարտվել է։ Զինված ուժերը, սակայն, անհրաժեշտության դեպքում պատրաստ են գործել»,- հայտարարել է Բաղերին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը հաջող գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ: Նրա խոսքով՝ հրթիռներն ու անօդաչուները կարողացել են հաղթահարել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը։
«Մենք գիտենք, որ մեր գործողությունն ավելի հաջող էր, քան սպասվում էր։ Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիա մեր կողմից խիստ արձագանքի է արժանանալու»,- նրա խոսքը մեջբերում է գործակալությունը։
Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել բացառապես Իսրայելի ռազմական օբյեկտներին:
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ 99%-ով խոցել են Իսրայելի ուղղությամբ արձակված մոտ 300 ԱԹՍ և հրթիռներ։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարիի տվյալներով՝ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է տասնյակ «Surface-to-surface missile» դասի հրթիռներ, այդ թվում՝ ավելի քան 10 թևավոր հրթիռներ, որոնց մեծ մասը որսացել են Իսրայելի սահմաններից դուրս: Նրա խոսքով՝ իրանական հարվածի հետևանքով «աննշան վնաս» է հասցվել իսրայելական ռազմական օբյեկտներից մեկին:
Գործակալությունը, վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին, հայտնել է, որ Իրանի հարձակմանն «էական պատասխան» է հետևելու։ Նշվում է, որ լիբանանյան շիա «Հըզբոլլահ» խմբավորումն ապրիլի 14-ի վաղ առավոտյան հայտարարել էր, որ հրթիռներ է արձակել իսրայելական բազայի ուղղությամբ, իսկ Եմենի հուսիթները հայտնել էին Իսրայելի դեմ անօդաչու թռչող սարքեր արձակելու մասին: Ըստ Reuters-ի՝ Իսրայելը, Հորդանանը, Իրաքը և Լիբանանն ապրիլի 13-ի ուշ երեկոյան իրենց օդային տարածքը փակելուց հետո վերաբացել են այն։
Ապրիլի 1-ին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ուղղությամբ: Թեհրանի տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել էր ԻՀՊԿ 7 ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: Ապրիլի 10-ին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը «պետք է պատժվի, և դա տեղի կունենա»։