Իրանի՝ ապրիլի 14-ի հարձակմանն ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժմանը պատկանող խոշոր արտադրական օբյեկտին, հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՑԱԽԱԼ-ի պաշտոնական հաղորդագրությանը։
Իսրայելի բանակի թիրախ է դարձել զենքի արտադրության օբյեկտը։ Նշվում է, որ թիրախը գտնվել է Լիբանանի տարածքի խորքում՝ Նաբի-Շիթ բնակավայրի շրջանում: Բնակավայրը Բեյրութից 55 կմ արևելք է։
Ապրիլի 14-ի գիշերն Իրանն ավելի քան 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Թեհրանի հարձակումներն ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան տարածքում իսրայելական ավիահարվածի պատասխանն են։ Իսրայելի վարչապետ Բենամին Նեթանյահուն հայտարարել էր Իրանի հարձակումը հետ մղելու և իրանական ԱԹՍ-ների ու հրթիռների ավելի քան 99%-ը խոցելու մասին։ Ավելի ուշ Իրանի Գլխավոր շտաբը հայտարարել էր Իսրայելի դեմ գործողությունն ավարտելու մասին։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցրած հարվածի հետևանքով զոհվել էր ԻՀՊԿ յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ բրիգադային գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: