Արաբական Միացյալ էմիրություններում հորդառատ անձրևները կաթվածահար են արել երկիրը, հայտնում է տեղական Khaleej Times հրատարակությունը:
Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան երկրում սկսվել են հորդառատ անձրևներն ու ամպրոպները, որոնք, ըստ օդերևութաբանների, պետք է ավարտվեն միայն չորեքշաբթի օրը։
ԱՄԷ-ի շրջանների մեծ մասը հայտարարել է տագնապի կարմիր մակարդակ, ինչը նշանակում է, որ իշխանությունները կոչ են անում բնակիչներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել, քանի որ եղանակային պայմանները կարող են զգալի վտանգներ ներկայացնել:
Միաժամանակ, գործատուներին հորդորել են հնարավորության դեպքում աշխատողներին տեղափոխել հեռավար աշխատանքի, իսկ երեխաներին՝ հեռավար ուսուցման։
Հորդառատ տեղումների պատճառով Դուբայի փողոցներում մեծ քանակությամբ ջուր է գոյացել, դադարեցվել է մետրոյի գծերից մեկի աշխատանքը, իսկ միջազգային օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես չեղարկվել են։