Տորոնտոյի ոստիկանությունը ձերբակալել է վեց տղամարդու, ովքեր կասկածվում են քաղաքի օդանավակայանից 419 կիլոգրամ ոսկի գողանալու մեջ, հայտնում է The Guardian-ը։ Սա Կանադայի պատմության մեջ ամենամեծ կողոպուտն է։
Մեկ տարի առաջ օդանավակայանի բեռների տարածքից գողացել էին Ցյուրիխից բերված 6600 ոսկու ձուլակտորներ՝ 21 միլիոն կանադական դոլար ընդհանուր արժեքով, ինչպես նաև կանխիկ 2,7 միլիոն կանադական դոլար:
Հանցագործներն օդանավակայան էին մտել բեռնատարով, և ձուլակտորները բեռնելուց հետո կարողացել էին հանգիստ հեռանալ՝ ներկայացնելով ծովամթերքի արտահանման կեղծ հաշիվ-ապրանքագիր։
«Սա սենսացիա է, մենք կատակում ենք, որ այս պատմությունն ավելի շատ նման է Netflix-ի սերիալի»,- ասել են իրավապահները։
Ըստ քննիչների՝ գողացված ոսկին հալվել է և վաճառվել։ Ենթադրվում է, որ հանցագործները հասույթն օգտագործել են զենք գնելու համար:
Ոստիկանության կողմից բերման ենթարկվածների թվում են Air Canada-ի աշխատակիցը և բեռնատարի վարորդը: Երկրորդին բռնել են ԱՄՆ իրավապահները, նրա մոտ հայտնաբերել են 65 տեսակի հրազեն։
Կանադայի իշխանությունները փնտրում են կողոպուտի ևս երեք կասկածյալի։ Բացի այդ, գողացված ոսկուց հայտնաբերվել է միայն մի մասը՝ դրանից պատրաստված վեց ապարանջան: