ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ կվարեն, այն կշարունակվի աշխատանքային նախաճաշի շուրջ, որից հետո առաջնորդները կհանդիպեն Բայկալ-Ամուր մայրուղու վետերան-շինարարների հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր բանակցությունները նվիրված կլինեն ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ Մոսկվա է ժամանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կրեմլում կկայանա երկու պետությունների ղեկավարների զրույցը, որն այնուհետև կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարևանն ու գործընկերը, և երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները։
«Ադրբեջանը մեծ հարևան է, բարեկամ, գործընկեր և դաշնակից, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ, և որ ամենակարևորն է՝ մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթները։ Երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ շարունակելու և զարգացնելու դրանք»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական ներուժն ընդլայնելու ներուժ կա, և դրա համար կան նաև հնարավորություններ։ Նա նշել է, որ այդ հարցերը կքննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
«Տնտեսական հարցերը նույնպես օրակարգում կլինեն։ Ադրբեջանը մեր լավ տնտեսական գործընկերն է. Մենք Ադրբեջանի երրորդ առևտրատնտեսական գործընկերն ենք Իտալիայից և Թուրքիայից հետո»,- եզրափակել է Պեսկովը։
Պեսկովն այսօր հայտարարել է, որ Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել ռուս սահմանապահների հեռանալուն վերաբերող և այլ հարցեր։