Եվրախորհրդարանն ապրիլի 25-ին բանաձև է ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը և այդ երկրի հետ ցանկացած ապագա համագործակցություն կապել քաղբանտարկյալների ազատ արձակման և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավման հետ:
Բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայներով:
«Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջան) նախապատրաստման հետ»,- նշվում է բանաձևում:
Բանաձևով ԵՄ-ին կոչ են արել նաև պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: