Նիգերիացի գործարարը և YouTube-ի թոք-շոուի հաղորդավարը համաշխարհային ռեկորդ է սահմանել ամենաերկար հարցազրույցների շարքը ձայնագրելու համար: Նկարահանումները տևել են 55 ժամ անընդմեջ։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
55 ժամվա ընթացքում Կլարա Չիզոբա Կրոնբորգը հարցազրույց է վերցրել «տարբեր ազգությունների և ծագման» 90 մարդուց, այդ թվում՝ քաղաքական գործիչներից, գործարարներից, բլոգերներից և դերասաններից, ովքեր կիսվել են իրենց հաջողության պատմություններով:
«Առաջին հերթին՝ ուզում էի տարբեր մարդկանց համախմբել, կիսվել նրանց պատմություններով և ոգեշնչել ուրիշներին»,- նշել է հաղորդավարը։
Նախորդ նմանատիպ ռեկորդը սահմանել էր Ռոբ Օլիվերն ԱՄՆ-ից 2022 թվականին՝ 37 ժամ 44 րոպեի ընթացքում հարցազրույցների շարք անցկացնելով։