Թուրքիան դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումներն Իսրայելից։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով թուրք երկու պաշտոնյայի։
2023 թվականին երկու երկրների միջև առևտուրը կազմել էր 6,8 միլիարդ դոլար։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստներն իսրայելական ներմուծման և արտահանման համար։
Ըստ Կացի՝ ինքը հանձնարարել է ԱԳՆ-ին աշխատել Թուրքիայի հետ առևտրի այլընտրանքների ստեղծման ուղղությամբ՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա։ Գործակալությունը նշում է, որ Էրդողանն ապրիլին ասել էր, որ Թուրքիան այլևս չի շարունակում «ինտենսիվ առևտուրն» Իսրայելի հետ։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ապրիլի սկզբին Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը սահմանափակումներ էր մտցրել 54 տեսակ իսրայելական ապրանքների արտահանման համար։ Սահմանափակումները, մասնավորապես, ազդել են պողպատի և ալյումինի տարբեր արտադրատեսակների, էլեկտրական մալուխների, ներկերի, լաքերի, ավիացիոն վառելիքի, յուղերի, պարարտանյութերի և արդյունաբերական սարքավորումների որոշ տեսակների, ինչպես նաև մետաղական արտադրանքի, օպտիկամանրաթելային մալուխների և շինանյութերի արտահանման վրա։
Նշվել է, որ սահմանափակումները կգործեն մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցումը և անկլավի բնակիչների համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովումը։