Առանց Կիևին արևմտյան օգնության Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է«Ռիա Նովոստին»։
«Ես գիտեմ, թե ինչպես կարելի է ավարտել պատերազմն Ուկրաինայում, դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում. եթե զենքի մատակարարումը դադարեցվի, ապա Ուկրաինան չի կարողանա դիմակայել, և նա ստիպված կլինի հանձնվել, պատերազմը կավարտվի»,- նշել է նա։
Բորելն ընդգծել է, որ չի ցանկանում նման արդյունք, և «Եվրոպայում շատերը նույնպես դա չեն ցանկանում»։
Բացի այդ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ Կիևին օգնության հարցում ԱՄՆ-ում տարաձայնությունները և մատակարարումների վեց ամսով ուշացումը կարող են փոխել իրավիճակը «հաղթանակից պարտության»:
Բորելը բազմիցս արտահայտվել է Կիևին Արևմուտքի կողմից ռազմական աջակցության շարունակականության օգտին: Մասնավորապես, անցյալ տարվա հունիսին նա մտավախություն էր հայտնել, որ առանց արտաքին օգնության Ուկրաինայում հակամարտությունը շատ արագ կավարտվի։ 2023 թվականի դեկտեմբերին դիվանագետը դժգոհել էր, որ ԵՄ ոչ բոլոր երկրներն են Ռուսաստանին տեսնում որպես «ռազմավարական սպառնալիք», որքան էլ նա փորձում է համոզել նրանց դրանում։
Փետրվարին Բորելը հայտարարել էր, որ Ուկրաինայում՝ մարտի դաշտում, «իրավիճակը կհանգուցալուծվի 3 ամսում»։